Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը լուծարել է խորհրդարանը և բնակարանային պայմանների դեմ բողոքի ալիքի ֆոնին արտահերթ համապետական ընտրություններ նշանակել նոյեմբերի 29-ին, հայտնում է Brussel Signal-ը։

Կառավարությունը ստիպված էր գործ ունենալ «ծայրահեղ հակասական» խորհրդարանի հետ, որտեղ, ինչպես նշել է Սանչեսը, «շատերը համաձայնությունների հասնելը շփոթում են դավաճանության հետ», ինչպես նաև «ազդեցիկ տնտեսական ու սոցիալական էլիտայի» հետ, որը ցանկանում է ազդել Իսպանիայի ապագայի վրա՝ չունենալով ընտրողների աջակցությունը։ Նրա կարծիքով՝ իշխանություններն աշխատում էին «պատմության մեջ ամենավատ ընդդիմության» հետ, որը չէր ցանկանում պատասխանատվություն ստանձնել։

Հոկտեմբերի 2-ին երկրի խորհրդարանը մերժել էր բնակարանային ճգնաժամի դեմ պայքարի վերաբերյալ կառավարության օրինագծերը։ Նախաձեռնություններով նախատեսվում էր մինչև 2030 թվականը մորատորիում սահմանել խոցելի վարձակալների վտարման վրա և երկարաձգել վարձակալության պայմանագրերը։

Իսպանիայում բնակարանային հարցի շուրջ քաղաքական ճգնաժամը սրվել էր հաշմանդամություն ունեցող 87-ամյա կնոջ վտարումից հետո, ինչը հանգեցրել էր փողոցային ցույցերի և Մադրիդի կենտրոնում բողոքի ճամբարի ձևավորմանը։ Հոկտեմբերի 3-ին բնակարանների բարձր գների դեմ զանգվածային ակցիաներ էին անցկացվել մայրաքաղաքում և երկրի այլ քաղաքներում։