ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խստացրել է իր քաղաքացիական եւ զինվորական աշխատակիցների` լրատվամիջոցների հետ շփման կանոնները: Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսն իր աշխատակիցներին հիշեցում է ուղարկել լրատվամիջոցների հետ փոխգործակցության վերաբերյալ: Երեք էջանոց այդ փաստաթղթում նա անհանգստություն է հայտնել լրագրողների հետ աշխատանքում անփութության դրսեւորումների, «հաճախ հաստատված կանոններն ու ընթացակարգերը խախտելու» կապակցությամբ: Հաղորդում է Lenta.ru-ն:
Գեյթսը հիշեցրել է, որ գաղտնի տեղեկատվության հրապարակումն անթույլատրելի է, եւ եթե ապացուցվի, դա կհանգեցնի քրեական պատասխանատվության:
Նշենք, որ այս նախաձեռնությունն ի հայտ եկավ գեներալ Սթենլի Մաքկրիստալի Rolling Stone ամսագրին տված հարցազրույցից մի քանի օր անց, որտեղ նա քննադատության էր ենթարկել ԱՄՆ վարչակազմին, այնուհետեւ ստիպված էր եղել հրաժարական տալ:




























