Հաագայում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրեց ինչպես սիրիական Քեսաբ քաղաքի իրադարձությունները, այնպես էլ Դեր-Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ-ի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ինքն անձամբ հատուկ ընդգծել է, որ եկեղեցում պահվել են Հայեց ցեղասպանության հետ կապված կարեւոր փաստաթղթեր: «Մենք ակտիվ մասնակացություն ունեցանք ՆԱՏՕ-ի ԽՎ-ի 5 հանձնաժողովների աշխատանքներում, ներկայացրինք հայկական դիրքորոշումը, բանաձեւի հետ կապված մեր բոլոր առաջարկությունները ընդունվել են», - նշեց Թեւան Պողոսյանը: Մասնավորապես, սիրիական ճգնաժամի քննարկման ժամանակ, բանաձեւերից մեկում հատուկ երախտագիտություն էր հայտնվում Հորդանանին, Լիբանանին եւ Թուրքիային՝ Սիրիայի փախստականների զգալի մասին ընդունելու համար: «Մենք նշեցինք, որ Հայաստանը մոտ 15 հազար փախստական է ընդունել, եւ այսօրվա դրությամբ, ոչ միայն այդ երկրները, այլ նաեւ մյուսները (20-30 երկիր) ապաստան են տվել փախստականներին, եւ նրանց նույնպես պետք է ընդգրկել բանաձեւում», - ընդգծեց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ հայկական պատվիրակության այս առաջարկությունը նույնպես ընդունվել է:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի Դեյր-էզ-Զոր քաղաքում պայթեցրել են հայկական Սրբոց նահատակաց եկեղեցին: Ահաբեկիչները ականապատել են եկեղեցին ու պայթեցրել, որի հետեւանքով այն ամբողջությամբ ոչնչացել է:




























