Ռուսաստանում ռուբլու փոխարժեքի անկումը գինու արտահանման հետ կապված լուրջ դժվարություններ է առաջացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Արմենիա Վայն» գինու գործարանի համասեփականատեր Վահագն Մկրտչյանը:

Նրա խոսքով, ռուբլու փոխարժեքի անկման հետեւանքով շուկան տարվա երկրորդ կեսից հայտնվեց պատճառա-հետեւանքային շղթայում. նվազեց սպառողների գնողունակությունը Ռուսաստանում, այնուհետեւ՝ Հայաստանից պատվերները, իսկ դա նշանակում է, որ կարող են նվազել հայ ֆերմերների խաղողի պատվերի ծավալները:

«Մենք առայժմ Ռուսաստան նախապես ծրագրված ծավալների միայն 50%-ն ենք արտահանել»,- նշեց Մկրտչյանը:

Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ ընկերության արտահանման ծավալներն աճել են շուրջ 50%-ով: Օրինակ՝ նրանք վերջերս մասնակցել են Լեհաստանում կայացած ցուցահանդեսին, իսկ հիմա այնտեղ նոր գործընկեր ունեն: «Բավական ակտիվ է Բելառուսը: Նաեւ արտահանում ենք Ֆրանսիա եւ Բուլղարիա, ինչպես նաեւ Կանադա եւ ԱՄՆ»,- հայտարարեց նա:

Ռուսաստանում ընկերությունը ոչ ամենուր է վաճառքի անկում արձանագրում, այլ միայն ցածր եւ միջին գնային հատվածում. մեկ շիշը՝ 400-500 ռուբլի: Պրեմիում-հատվածը՝ 500 ռուբլուց ավելի, պահպանել է դիրքերը, քանի որ, ըստ Մկրտչյանի, պահանջարկն այնտեղ քիչ թե շատ մշտական է:

2014 թվականի հունվար-հունիսին Հայաստանից գինու արտահանումը կազմել է 849.500 լիտր, ինչը 38%-ով ավելի է 2013 թվականի հունվար-հունիսից (բացարձակ ծավալը շարունակում է փոքր մնալ): Արտահանման ծավալների գրեթե 70%-ը բաժին է ընկել Ռուսաստանին: