Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Մայդուգուրի քաղաքի շուկայում երկուշաբթի հնչած երկու պայթյունի զոհ է դարձել ավելի քան 10 մարդ:
France Press գործակալությանը տեղի ոստիկանությունում հայտնել են, որ մահապարտները երկու կին են եղել, իսկ պայթյունները տեղի են ունեցել Monday Market շուկայի տարբեր հատվածներում:
«Երկու կին մահապարտ-ահաբեկիչներ շուկայի տարբեր հատվածներում պայթուցիկ սարքեր են գործի դրել: Ավելի քան 10 մարդ մահացել է, բազմաթիվ վիրավորներ կան»,- Բորնո նահանգի ոստիկանության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Ականատեսներից մեկն իր հերթին պատմել է, որ ահաբեկչության վայրում 10 մարմին է տեսել, եւս 20 մարդ տուժել է: Անցյալ շաբաթ նույնպես այս շուկայի հարեւանությամբ երկու պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով 78 մարդ էր զոհվել:
Ոչ մի խմբավորում դեռեւս չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Բացի այդ, ոստիկանությունը Մայդուգուրիի մեկ այլ շուկայում պայթուցիկ սարքեր է վնասազերծել:



























