Ճապոնիայում նախընտրական քարոզարշավ է սկսվել՝ դեկտեմբերի 14-ին կայանալիք խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունների նախօրեին:  475 տեղին հավակնում է շուրջ 1150 մարդ, որը 35—ով քիչ է  2012 թ.-ից: Ընդ որում, 295 տեղերը կորոշվեն մեծամասնական շրջաններում, իսկ մնացած 180-ը՝ համամասնական կուսակցական ցուցակներով: Բոլոր թեկնածուների գրանցումը հաջողությամբ կատարվել է առավոտյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ներկայումս Ճապոնիայի իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Նոր Կոմեյտո» կուսակցությունն ունեն ստորին պալատի ձայների երկու երրորդը, որը վճռական դեր է խաղում վարչապետի ընտրության եւ պետբյուջեի ընդունման ժամանակ: Վարչապետ Աբեն հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե նորից չստանա կայուն մեծամասնություն՝ ներկայիս արտահերթ ընտրությունների արդյունքում:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու  առիթը խորհրդարանի ստորին պալատը ցրելու վերաբերյալ վարչապետ Սինձո Աբեի որոշումն է:

Վարչապետը իրավունք ուներ ընտրություններ չանցկացնել մինչեւ 2016 թ.: