Ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական նիստի ընթացքում ներկայացվել են վերջիններիս մոտ հայտնաբերված իրերը, այդ թվում՝ ինքնաձիգը, որով սպանել էին դեռահաս Սմբատ Ցականյանին:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացվել են դիվերսանտների մոտ հայտնաբերված ինքնաձիգներ, նռնակներ, պարկուճներ, սպանված Սմբատ Ցականյանի սպորտային հագուստը, 87 հազար դրամ գումարն ու հեռախոսաքարտերը, որոնք նրա գրպանից վերցրել էին դիվերսանտները։ Ներկայացվել են նաեւ հանցագործ խմբավորման կողմից գողացված տուժող Վրեժ Բալայանին պատկանող զինվորական գրքույկը, անձնագիրն ու բաճկոնը, որոնք ձերբակալման պահին հայտնաբերվել են ամբաստանյալ Ասկերովի մոտ։

Դատական նիստում հրապարակվել է փորձագետի եզրակացության արձանագրությունը, որի համաձայն՝ Սմբատ Ցականյանի սպանության պատճառ եւ որպես իրեղեն ապացույց հանդիսացող ներկայացված բոլոր պարկուճներն արձակվել են նույն ինքնաձիգից,  որը կրել է ամբաստանյալ Դիլհամ Ասկերովը։

Ամբաստանյալներ Շ. Գուլիեւն ու Դ. Ասկերովը հաստատել են, որ իրեղեն ապացույց հանդիսացող զենքերն ու մյուս իրերն իրենցն են եղել, ինչպես նաեւ մատնանշել են, թե ով որ ինքնաձիգն է կրել:

Գուլիեւը վերահաստատել է նաեւ նախորդ դատական նիստերի ընթացքում տված իր այն ցուցմունքը, ըստ որի, կրակոցներ լսելով՝ շրջվել ու տեսել է, որ Ասկերովի ինքնաձիգի փողն ուղղված է եղել սպանված պատանու վրա։ Ասկերովի պատասխաններն այդ հարցի վերաբերյալ անհստակ են եղել:

ԼՂՀ ոստիկանության տվյալով՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել: Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը կալանավորված են:

Դատավարությունն ընթանում է հոկտեմբերի 27-ից: