Որպես մատչելի Երեւան ծրագրի շարունակություն` Երեւանի կենդանաբանական այգում տեղադրվել է անվասայլակներով տեղաշարժվող երեխաների համար նախատեսված հատուկ ճոճանակ, որը հանրությանը կներկայացվի հաշմանդամների միջազգային օրը`դեկտեմբերի 3 ին կազմակերպվող միջոցառումների շարքում` ժամը 14:00-ին:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանի եւ օտարերկրա պետական եւ տեղական մասնավոր կառույցների համագործակցության շրջանակում, այս նախաձեռնությանն աջակցել են ՀՀ ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը եւ «Երեւան ինթերնեշնլ Ռոտարի ակումբը»: Բացմանը կմասնակցեն քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, ինչպես նաեւ «Երեւան ինթերնեշնլ Ռոտարի ակումբը» -ի անդամները:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին նմանատիպ միջոցառում կկայանա նաեւ Աջափնյակ վարչական շրջանի`Հանրապետական հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող այգում: Այս դեպքում Երեւանի քաղաքապետարանին ծրագրի իրականացման հարցում աջակցել է «Երեւան ինթերնեշնլ Ռոտարի ակումբը»:

Նույն կազմակերպության օժանդակությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոցի՝ Առագաստ սրճարանի հարակից պուրակում եւս տեղադրվել է հատուկ ճոճանակ, որից առանձնահատուկ կարիքներով երեխաները կկարողանան օգտվել դարձյալ դեկտեմբերի 3-ից: Ծրագիրը շարունակական բնույթ կկրի:

Խաղահրապարակների ընտրության հարցում հաշվի են առնվել հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների առաջարկությունները: