Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի գործողության դադարեցման մասին օրինագծի հետ միասին Ուկրաինայի Գերագույն ռադա է մտցվել նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ եղբայրության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի չեղարկման մասին օրինագիծը:
Համապատասխան փաստաթղթերը գրանցել են «Ազատություն» խմբակցության ժողովրդական պատգամավորներ Յուրի Լեւչենկոն, Օլեգ Օսուխովսկին, Անդրեյ Իլիենկոն, Յուրի Բուբլիկը, Ալեքսանդր Մարչենկոն, Միխայիլ Գոլովկոն:
NEWSru.ua-ն հայտնում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ եղբայրության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագիրը ստորագրվել է 1997թ. մայիսի 31-ին՝ Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչմայի եւ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի կողմից:
Պայմանագրի գլխավոր կետերից մեկը եղել է երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը:




























