Սերբիան մտադիր է լրջորեն զրուցել իր ռուսական եւ եվրոպացի գործընկերների հետ «Հարավային հոսք» գազատարի շինարարության նախագծի կասեցման շուրջ:
«Սա նման է Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ մուկն ու կատվի խաղին, իսկ արդյունքում մենք ենք տուժում: Կարծում եմ, մենք այդ հարցի շուրջ լրջորեն կզրուցենք ինչպես եվրոպական, այնպես էլ ռուս գործընկերների հետ», - հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
Նախագահի խոսքով՝ Սերբիայի համար տվյալ իրավիճակը ավելի քան տհաճ է, հայտնում է «Պոլիտ.ռու»-ն:
Նիկոլիչը նաեւ բացառել է նախագծին միանալու հնարավորությունը, եթե այն անցնի Թուրքիայի, Հունաստանի եւ Մակեդոնիայի միջով: Նրա կարծիքով, պոտենցիալ եկամուտների տեսանկյունից այդ տարբերակն անհնար է համեմատել «Հարավային հոսքի» հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր «Հարավային հոսք» նախագծի կասեցման մասին:




























