Շտապօգնության կայանից դեկտեմբերի 2-ին, ժամը 15.05-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի մի դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել 17-ամյա Տիգրան Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Տիգրան Գ.-ն ստացել է վնասվածքը անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետեւանքով, նաեւ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ ձախ գոտկային շրջանի կտրած վերքով հիվանդանոց է դիմել 17-ամյա Ռոբերտ Պ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքով հարվածելու հետեւանքով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.30-ին, ինքնակամ, մեղայականով բաժին է ներկայացել 17-ամյա Նարեկ Ա.-ն եւ խոստովանել, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել Տիգրան Գ.-ին եւ Ռոբերտ Պ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նարեկ Ա.-ն ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական վարչություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




























