Ռուսաստանի Զինված ուժերի ղրիմյան խմբավորմանը հեռահար գործողության շառավղով Ս-300 ՄՊՈՒ հակաօդային պաշտպանության համալիրներ են տրամադրվել: Այս համալիրները թույլ կտան թերակղզում ստեղծել հակաօդային պաշտպանության լիարժեք համակարգ, որը ընդունակ կլինի օդից ապահովել Սեւծովյան նավատորմի ուժերի եւ միջոցերի անվտանգությունը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: 

Հակաօդային պաշտպանության Ս-300 զենիթահրթիռային համակարգի «ՊՄՈւ» մոդիֆիկացիան շահագործման են հանձնել 1997-ին։ Համակարգը աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 195 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 40 կմ առավելագույն հեռավորության վրա։

Օգոստոսի վերջին «ՏԱՍՍ»-ը հաղորդել էր, որ ռուսական ձեռնարկությունները հաջորդ տարի ամբողջապես կդադարեցնեն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը, քանի որ Ռուսաստանի ԶՈՒ-ի սպառազինության հիմնական համակարգը կդառնա Ս-400-ը: Սա վերաբերում է ինչպես Ռոսաստանի Զինված ուժերի շահերից բխող մատակարարումներին, այնպես էլ արտահանման տարբերակներին: