Սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ կարեւոր է շոշափելի առաջընթացի ապահովումը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է ԵՄ-ի օտարերկրյա կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ճգնաժամը օրակարգի միակ հակամարտությունը չէ: «Կարեւոր է նաեւ շոշափելի առաջընթացի հասնել Վրաստանում, Մոլդովայում եւ Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Ժամանակը խաղաղության կողմից չէ, եւ մեզ դա հիանալիորեն հայտնի է», - հայտարարել է Մոգերինին:
ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչը նշել է, որ ուկրաինական հակամարտության համար սկզբունքներ վերանայելու անհրաժեշտություն չկա, դա մասնավորապես վերաբերում է Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքներին: «Գոյություն ունեցող սկզբունքները երկար տարիների ընթացքում դարձել են եվրոպական անվտանգության հիմնաքարերը եւ դրանք նախկինի պես ուժի մեջ են», - ընդգծել է Մոգերինին:




























