Թող հայ օլիգարխ-պատգամավորները մտածեն ռուս օլիգարխների ճակատագրի մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում, Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացման քվեարկությունից առաջ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի խորհրդարանի աշխատանքին այս պահին հետեւում են ողջ աշխարհի հայերը: «Հատկապես հետեւում են գործարար-պատգամավորներին, որոնք հնարավորություն ունեն հաճախ այցելել արտերկիր, Եվրոպա, ԱՄՆ: Կասեմ ձեզ, որ այդ մարդիկ, որոնց հետեւում են, պետք է ավելի ուշադիր լինեն: Եթե նրանք կողմ քվեարկեն, Արեւմուտքի դռները կարող են փակվել նրանց առջեւ»,-ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը:

Արեւմուտքից հետո Փոստանջյանը անցավ Պուտինին. «Թող նրանք հիշեն, թե ինչ ճակատագրի են արժանացել իրենց ռուս գործընկեր-օլիգարխները: Օրինակ, ինչ տեղի ունեցավ Եվտուշենկովի հետ»,-ասել է Փոստանջյանը, որի ելույթն ընդհատել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր 103 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը: