Ուզում եմ ապրել մինչեւ այն օրը, երբ Հայաստանի բնակիչները բարեկեցություն ու անկախություն ձեռք կբերեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում, 2015-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Դուք ասում եք, որ ԵՏՄ մտնելը կօգնի տնտեսել գազի գնման վրա, որ 189 դոլարը մեկ խմ գազի համար լավ գին է: Ենթադրենք: Իսկ ի՞նչ գին է ձեւավորվում Հայաստանի ներսում: Եւ ինչու չի ստեղծվում այնպիսի համակարգ, որի դեպքում ժողովուրդը կարող է իրեն թույլ տալ վճարել գազի դիմաց եւ 300 եւ 400 դոլար, եւ եւ վիզ չծռի էժան գազի համար: Դրա համար երկիրը չպետք է ղեկավարի ստվերային տնտեսությունը»,-ասել է Հակոբյանը:

Նրա խոսքով՝ տարբեր գնահատականներով, տնտեսության մեջ ստվերը հասնում է 40 տոկոսի, եւ 2015-ի բյուջեն ոչինչ չի առաջարկում այն հաղթահարելու համար: Դրա համար «Ժառանգություն» խմբակցությունը հավանություն չի տալիս բյուջեի նախագծին: