Հայաստանում հիմնական թեման, որի առիթով լրատվամիջոցներում թշնամության լեզու է նկատվում, ներքաղաքական հարաբերություններն են: Այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած ասուլիսում հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով Հարավին Կովկասի երկրների լրատվամիջոցներում թշնամության լեզվի օգտագործման վերաբերյալ անցկացված հետազոտության արդյունքները:
Նշված թեմատիկայով հրապարակումները, նրա խոսքով, կազմում են շուրջ 60%-ը այն նյութերի ընդհանուր թվի, որտեղ թշնամության լեզու է արձանագրվել:
«Քանի որ դիտարկումն անցկացվել է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր լրատվամիջոցներում, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը լուրջ քննադատության են ենթարկվել: Հոկտեմբերին, երբ անցկացվել է հետազոտությունը, թշնամության լեզու հիմնականում արձանագրվել է Սուրեն Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելու եւ Շանթ Հարությունյանի ձերբակալության առիթով»,- նշեց Նավասարդյանը:




























