ԵԽԽՎ՝ Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի հայտարարությունը Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարուցել է հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի մտահոգությունը:

«Առաջին անգամ եմ լսում, որ անձն իրավունք ունի բացասական գնահատականներ տալու, քանի դեռ նրան չեն ապացուցել հակառակը»,- ասել է Հարությունյանը «Նոյյան տապան»-ին՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով նորանշանակ համազեկուցող, շվեդ պատգամավոր Գորան Լինդբլադի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Մարտի 1-ի գործով ձերբակալվածների վերաբերյալ հայտնած կարծիքը:

«Քաղաքական տհասության նման օրինակն ամրապնդում է մեր մտահոգությունները համազեկուցող Լինդբլադի անաչառության վերաբերյալ: Այսպիսի պահվածքը ոչ միայն նսեմացնում է մոնիտորինգի գործընթացի էությունը, այլ նաեւ սպառնում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցության լուրջ ճգնաժամով»,- ասել է Հարությունյանը: