2011 թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգը։ Սա նշանակում է, որ քաղաքացիները կամ նրանց գործատուները կարող են բանկերին կամ համապատասխան արտոնագիր ունեցող ներդրումային ընկերություններին գումարներ տրամադրել՝ կենսաթոշակային տարիքում թոշակի տեսքով դրանք ստանալու համար։

Մասնավոր ընկերություններին խրախուսելու նպատակով հարկային արտոնություն է սահմանվել այն ընկերությունների համար, որոնք կամովին իրենց աշխատակիցների համար աշխատավարձի 5 տոկոսի չափով փոխանցումներ կանեն։ Նման մուծումները ընկերությունների համար կդիտարկվեն որպես ծախս, հետեւաբար՝ համապատասխան չափով նրանց շահույթը կնվազի։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։ Արտոնությունը կգործի մինչեւ 2014 թ. հունվարի 1-ը։

Գործող օրենսդրության համաձայն՝ գործատուները վճարված աշխատավարձերի դիմաց կատարում են սոցապ հատկացումներ, որոնց հիման վրա էլ վճարվում են թոշակները։ 2014 թ. եկամտահարկն ու սոցապհատկացումները կմիավորվեն մեկ միասնական հարկատեսակում, որը կկոչվի «եկամտային հարկ»։ Նախապես առաջարկվում էր սահմանել եկամտային հարկի մեկ դրույքաչափ՝ 26 տոկոս։ Սակայն օրենսդրական փաթեթի խորհրդարանական քննարկումների ընթացքում որոշում է ընդունվել սահմանել դրույքաչափի պրոգրեսիվ սանդղակ՝ 24 տոկոս մինչեւ 100 հազ. դրամ եկամուտ ունեցողների համար եւ 26 տոկոս 100 հազ. դրամից բարձր եկամուտ ունեցողների համար։