Հայկական դրամի փոխարժեքի սպեկուլյանտներին հիասթափություն է  սպասում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողներին հայտարարեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով նոյեմբերի վերջից սկսած դրամի անկումը: Նա նշեց, որ Կենտրոնական բանկը բավականին պահուստներ ունի՝ հայկական արժույթի անվերահսկելի անկումը մեղմացնելու համար:

 «Սպեկուլյատիվ նպատակներով թանկացող դոլարի գնումը Կենտրոնական Բանկը կարող է կանգնեցնել՝ ընդամենը շուկա մտցնելով, ասենք 100 մլն դոլար, իսկ հետո ավելի էժան այն հետ գնելով: Դա կարող է իրականացվել շուկայում սպեկուլյացիային վերջ դնելու համար, որի մասին ԿԲ-ն արդեն մի քանի անգամ նախազգուշացրել է: Ոստի արժութային խաղերը անհեռանակարային ուղի են», - ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 24-ին կազմել է 435 դրամ: Մեկ օրվա ընթացքում այն միանգամից բարձրացել է 16 դրամով: Դեկտեմբերի 8-ի դրությամբ ԿԲ-ի փոխարժեքով այն ավելացել է 447,86 դրամով: Որոշ բանկերում դոլարի վաճառքի փոխարժեքը գերազանցում է 460 դրամը: