Դեկտեմբերի 4-ին Հայաստան տեղափոխված  9-ամսական Մարինե Վարդանյանի առողջական վիճակը լավ է, նրան շուտով կտեղափոխեն մանկատուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լեւոն Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ երեխան ծնվել է Մոսկվայում դաունի սինդրոմով, ծնողները հրաժարվել են նրանից, ոստիկանների օգնությամբ նրանց տեղափոխել են Երեւան: «Քանի որ ջերմություն է ունեցել, երեւի մրսել է ճանապարհին, մանկատունը չի ընդունել, զանգել է ոստիկանություն, բերել են մեզ մոտ, հիմա վիճակը լավ է, կարող են արդեն տեղափոխել, փաստաթղթերն են դասավորում, երեւի կտանեն Նորքի մանկատուն»,-ասաց Լեւոն Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան է տեղափոխվել 9-ամսական Մարինե Վարդանյանը:

Մինչ այդ ԱԳՆ-ից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն գրություն էր ստացվել, որ 9-ամսական Մարինե Վարդանյանը, որը ծնվել է դաունի սինդրոմով, գտնվում է Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքում:

Փոքրիկին Հայաստան տեղափոխելու համար Մոսկվա է մեկնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցը: Իսկ դեկտեմբերի 4-ի գիշերը ոստիկանությունը ոչ միայն կազմակերպեց «Զվարթնոց» օդանավակայանից երեխայի տեղափոխումը, այլեւ ապահովեց բժիշկների ներկայությունը: Նրանց օգնությամբ Մարինե Վարդանյանը տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո ոստիկանությունը կլուծի երեխային մանկատանը տեղավորելու հարցը: