Ընդդիմադիր «Իրական Ադրբեջան» թերթի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը, որ Ադրբեջանում գտնվում է անազատության մեջ, ազատազրկման նոր  ժամկետի է դատապարտվել:

Հուլիսի 6-ին Բաքվի Ղարադաղի շրջանային դատարանը լրագրողին մեղավոր է  ճանաչել թմրանյութեր պահելու մեջ եւ եւս երկուսուկես տարի ազատազրկման է դատապարտել:

Ֆաթուլլաեւը կարծում է, թե իշխանություններն իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով՝ մասնագիտական գործունեության համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ֆաթուլլաեւը 2007թ. կրկնակի դատապարտվել էր 8,5 տարվա բանտարկության՝ զրպարտության, ահաբեկչության մեղադրանքի եւ այլ հանցագործությունների համար:

Այս տարվա ապրիլին Ստրասբուրգի դատարանը պահանջել էր անհապաղ ազատ արձակել լրագրողին: Սակայն Ադրբեջանի իշխանությունները համաձայն չեն ՄԻԵԴ-ի որոշման հետ եւ մտադիր են բողոքարկել այն:

«Amnesty International» կազմակերպությունը Ֆաթուլլաեւին «խղճի կալանավոր» է ճանաչել: