Սեպտեմբերի 18-ին Բաքվում կայանալու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների արտակարգ իրավիճակների նախարարների հանդիպումը: Նախարարների հանդիպումից մեկ օր առաջ կայանալու է հանդիպում փորձագետների մակարդակով: Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք կմասնակցի այդ հանդիպմանը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը: Նախարարի մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նախարարի Բաքու այցելելու հնարավորությունը, նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

Հիշեցնենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միավորում է Մերձսեւծովյան եւ Հարավային Բալկանների 12 պետություն (Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա եւ Ուկրաինա):

ՍԾՏՀԿ-ը հիմնադրվել է 1999 թվականի մայիսի 1-ին՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության մասին պայմանագրի հիման վրա:

Ներկայումս ՍԾՏՀԿ-ում նախագահում է Ադրբեջանը: