Նավթի գների կտրուկ անկումն ու միջազգային պատժամիջոցները վերջին ամիսներին զգալի վնաս են հասցրել ռուսական տնտեսությանը: Իսկ հիմա Մոսկվայի խնդիրները, կարծես, դուրս են գալիս ազգային սահմաններից: Այս մասին գրում է «The Fiscal Times»-ի լրագրող Ռոբ Հարվերը:

Նա նշում է, որ ռուսական ռուբլին այս տարի կորցրեց արժեքի մեկ երրորդը միջազգային արժույթների նկատմամբ, եւ որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը դժվար կամ անհնար համարեց միջազգային կապիտալի շուկաների հասանելիությունն այն դրույքաչափերով, որոնք ընդունելի է համարում: Կենտրոնական բանկը նաեւ հաջորդ տարի ռեցեսիա է կանխատեսում: «Սակայն մինչեւ վերջերս Ռուսաստանի տնտեսական խնդիրները, համենայն դեպս, ակնհայտ ազդեցություն չէին ունենում հարեւանների վրա: Ցավոք, նախկին խորհրդային մի քանի պետությունների համար պատկերը սկսում է փոխվել»,- գրում է հոդվածի հեղինակը:

Հարվերը մատնանշում է, որ Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, անցյալ շաբաթ 10%-ով՝ մինչեւ 2.04-ի անկում գրանցեց ԱՄՆ դոլարի նկատմամբ: Դա ամենացածր ցուցանիշն է ավելի քան տասը տարվա ընթացքում: Նա նաեւ նշում է, որ Հայաստանում ազգային արժույթը՝ դրամը, գլոբալ արժույթների նկատմամբ անկում է ապրում արդեն վեց շաբաթ շարունակ, եւ հիմա առքուվաճառքն իրականացվում է ութամյա նվազագույնի սահմաններում: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա հեղինակը փաստում է, որ այդ երկիրն ազգային արժույթի պաշտպանության ավելի բարձր մակարդակ ուներ, սակայն արժեթղթերի միջազգային շուկաներն ավելի բարձր «պարգեւավճար են» պահանջում երկրի պարտքային առաջարկների համար:

«Հիմա Արեւելյան Եվրոպայի մյուս մասի առջեւ մեծ խնդիր է դրված. որքա՞ն արագ եւ որքա՞ն հեռուն կտարածվի ռուսական տնտեսությունից բխող վարակը: Անցյալ շաբաթ երկրի օրենսդիր մարմնում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուբլու անկումն ԱՄՆ-ի ղեկավարած դավադրության արդյունք անվանեց: Նա նաեւ խոստացավ «կոշտ» միջոցներ ձեռնարկել արժութային սպեկուլյանտների եմ, որոնք, նրա խոսքով, նպաստում են ռուբլու արժեզրկմանը»,- գրում է հոդվածի հեղինակը:

Նա հավելում է, որ նույն ելույթում Պուտինը դիմեց այն ռուսաստանցիներին, ովքեր ակտիվներ ունեն արտերկրում, կոչ անելով դրանք փոխադրել հայրենիք՝ հասկացնելով, որ իր կառավարությունը պատրաստ է ուշադրություն չդարձնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ակտիվների աղբյուրը կամ մեթոդները, որոնց օգնությամբ դրանք ստացվել են: «Երկրի հուսահատությունը, երբ հարցը հասնում է կապիտալի պահպանմանը, խիստ մտահոգություն է առաջացրել միջազգային ներդրողների շրջանում: Չնայած Ռուսաստանի կառավարությունը բազմիցս հերքել է դա, վերլուծաբաններին անհանգստացնում է այն, որ Մոսկվան կարող է վերահսկողություն սահմանել կապիտալի շարժի նկատմամբ. միջոց, որը մարդկանց եւ ընկերություններին խանգարում է ազգային արժույթից ակտիվներ փոխանցել»,- նշում է «The Fiscal Times»-ի թղթակիցը: