Վարշավայի հնագիտական ինստիտուտի հնագետները վկայություններ են հավաքել Երեւանի մերձակայքի ամենահայտնի հնագիտական հուշարձաններից մեկի՝ հնագույն Մեծամոր քաղաքի գրավման եւ կործանման մասին: Այս մասին գրում է լեհական «Nauka w Polsce» կայքի անգլիական ծառայությունը:

«Հետազոտության ամբողջ տարածքում մենք հրդեհի եւ մոխրի շերտեր ենք հայտնաբերել: Քաղաքը, ամենայն հավանականությամբ, գրավվել է Ուրարտու տիրակալ Արգիշտի I-ի բանակի կողմից»,- պատմել է ծրագրի ղեկավար Քշիշտոֆ Յակուբյակը: Լեհ հնագետների այլ գտածոներ էլ վկայում են մարտերի եւ դաժան վերաբերմունքի մասին: Այդ գտածոների թվում են շուրջ 30 տարեկան կնոջ կմախքը, որի գլուխը կտրել են, իսկ մեկ մարդու գանգը՝ կոտրել: «Կարծում ենք, որ երկուսն էլ սպանվել են քաղաքի վրա հարձակման ժամանակ»,- նշել է Յակուբյակը:

Հայտնաբերված մնացորդները չեն թաղվել, այլ անկանոն թափված են եղել, այսպես կոչված, ներքին քաղաքի շենքերի միջեւ: Մասնագետների ուշադրությունը գրավել է պատմական նշանակության գտածոների փոքր քանակությունը, ինչը կարող է վկայել Ուրարտուի ներխուժման ժամանակ թալանի ծավալների մասին: Նվաճողները չեն խնայել նույնիսկ սրբավայրերը: Հնագետները փոքրիկ քաղաքային սրբավայր են գտել, որը թալանվել է ներխուժման ժամանակ:

Մեծամորը պահպանվող հնագիտական արգելոց է: Այնտեղ պեղումներ են անցկացվում գրեթե 50 տարի: Լեհ հնագետները Մեծամորում հնագիտական պեղումներ են սկսել 2013 թվականին: Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի եւ Մշակույթի նախարարության հետ համաձայնագրի շնորհիվ: