Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերին եւ Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կյաերը Հայաստան է ժամանել արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով  ՀՀ-ԵՄ Համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստին մասնակցելու նպատակով:

Էդվարդ Նալբանդյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը . հուլիսի 19-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկին, ինչպես նաեւ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի շուրջ:

Ջոն Կյաերը դրական է գնահատել արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով  ՀՀ-ԵՄ Համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստի արդյունքները, ավելացնելով, որ ԵՄ ու Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի հետ կարող են սկսվել ընթացիկ տարվա վերջում:

Կողմերը քննարկել են Ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: