Ադրբեջանական կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների հետեւանքով հակամարտության կարգավորման գործընթացում ոչ միայն առաջընթաց չի գրանցվել, այլ ավելի շուտ, Ադրբեջանի մեղքով հետընթաց ենք ունեցել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հայտարարեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:  

Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանի արտաքին քաղաքականության տեսակետից 3 կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել. «Առաջինը, բնականաբար, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է, սակայն այդ բոլոր գործընթացները պետք է դիտարկել նաեւ ուկրաինական իրադարձությունների ֆոնին: Երկրորդը ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներն ու տարբեր դիվերսիոն գործողություններն են, որոնք բավականին լարված իրավիճակ են ստեղծել», - նշեց Մանոյանը: Նա հավելեց, որ դրա հետեւանքով առաջընթաց ոչ միայն չի գրանցվել, այլ ավելի շուտ, ադրբեջանի մեղքով մենք ունենք հետընթաց: «Եվ երրորդ կարեւոր իրադարձությունը, որը անմիջականորեն կապված չէ Հայաստանի հետ, թեեւ կարելի է ասել, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, Սիրիայի իրադարձություններն են, մասնավորապես, մարտահրավերները, որոնց բախվում է այդ երկրի հայ համայնքը», - եզրափակեց Կիրո Մանոյանը: