ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը դատապարտել է ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զինվորի սպանությունը: Այդ մասին գրում է հայ-ամերիկյան «Asbarez» թերթը:

«Եւս մեկ զինվորի սպանությունը Բաքվի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բռնության հերթական ակտն է, եւ ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածի ընտանիքներին ու համածառայակիցներին: Սա ոչնչով չհրահրված եւ մահաբեր բռնություն է Արցախի եւ իր ժողովրդի նկատմամբ, եւ այն պետք է անհապաղ դադարեցվի», - ասել է նա:

Ամերիկացի կոնգրեսականը նաեւ նշել է, որ այս միջադեպը պետք է Մինսկի խմբին դրդի կրկնակի անգամ ուժեղացնել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ իրենց ջանքերը,:  «Ես նաեւ պետքարտուղար Ջոնք Քերիին կոչ եմ անում հնարավորինս արագ այդ հարցը քննարկել Ալիեւի ռեժիմի հետ, քանի դեռ էլ ավելի շատ անմեղ մարդիկ չեն զոհվել», - հավելել է Ադամ Շիֆը:

Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեկտեմբերի 8-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը: