30-ամյա Նաիրա Բաղդասարյանը եւ 39-ամյա Դավիթ Սահակյանը երրորդ անգամ զույգ տղա են ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Սահակյանը:

Նա նշեց, որ 8,5 տարի է՝ ինչ ամուսնացած են: Առաջին զույգ որդիներին ունեցել են 2007թ փետրվարի 6-ին, ծնվել են Արծրունը եւ Սահակը: Երկրորդ անգամ ընտանիքում զույգ որդի է լույս աշխարհ եկել 2010թ նոյեմբերի 27-ին՝ Նորիկը եւ Սարգիսը:  Իսկ ահա այսօր՝ 2014թ դեկտեմբերի 11-ին, «Էրեբունի» հիվանդանոցում լույս աշխարհ է եկել նրանց երրորդ զույգ որդին: Որդիների անունները բազմազավակ հայը որոշել է, բայց առայժմ չի ցանկանում հրապարակել: Բազմազավակ հորից տեղեկացանք, որ թե իր, թե կնոջ գեներում կան զույգ երեխա ունեցողներ:

Դավիթ Սահակյանը մասնագիտությամբ իրավագետ է, ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը,  «Համերաշխություն» շարժման Տավուշի մարզային կառույցի կորդինատորն է, կինը մասնագիտությամբ վարսահարդար է:  8 հոգանոց ընտանիքի թիվ մեկ խնդիրը բնակարանի հարցն է,  նրանք հույս ունեն, որ մի օր կլուծվի այդ հարցը եւ Հայոց բանակի ապագա 6 զինվորները իրենց գլխի վրա տանիք կունենան:

Ընտանիքը շնորհակալություն հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան ողջ անձնակազմին՝ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ով էլ իրականացրել է կեսարյան հատումը: