Խոսքի ազատության սահմանափակումները Հայաստանում քաղաքական ենթատեքստ ունեն։ Այս մասին հուլիսի 7-ին «Կոնգրես» հյուրանոցում հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ իր հեղինակած «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ հրապարակային զեկույցի ներկայացման ժամանակ։ Նա նշեց, որ լրագրողների հանդեպ բռնություններ առավելապես կիրառվում են նախընտրական շրջանում կամ բուն ընտրական պրոցեսի ընթացքում՝ այս կամ այն թեկանածուի համակիրների կամ ներկայացուցիչների կողմից։ «Սա խոսում է այն մասին, որ երկրում դեռեւս ձեւավորված չէ քաղաքական ողջամիտ պայքարի մշակույթ»,-նշեց ՄԻՊ-ը։
Նա որպես ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների օրինակ նշեց այս կամ այն թերթի ողջ տպաքանակը կրպակներից գնելը, ինչպես նաեւ թերթերին ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից թերթերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծելը։ Արմեն Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում խոսքի ազատության մտահոգիչ վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է արագացնել խոսքի ազատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, ինչը պետք է տեղի ունենա երկրի ընդհանուր համակարգային բարեփոխումներին համընթաց, քանի որ խոսքի ազատության խնդիրը անմիջականորեն կապված է երկրում գործող մյուս՝ պետական, քաղաքական համակարգերի հետ։
ՄԻՊ-ի զեկույցում անդրադարձ կա հայաստանյան լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ բռնությունների մասնավոր դեպքերին։ Մասնավորպես՝ 2002 թ. դեկտեմբերի 28-ին Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությանը, 2006 թվականի սեպտեմբերի 6-ին «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհանես Գալաջյանին ծեծի ենթարկելուն, 2009 թ. ապրիլի 30-ին «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառելուն, 2009 թ. մայիսի 6-ին «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանին ծեծի ենթարկելուն։ Նշեք, որ զեկույցը ներկայացվել է ԱԺ մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովին՝ քննարկում կազմակերպելու համար, իսկ հուլիսի 9-ին, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի կունենա փաստաթղթի փորձագիտական քննարկումը։ «Հեղափոխական արդյունք չեմ ակնկալում, բայց հույս ունեմ, որ զեկույցը շահագրգիռ քննարկման նյութ կդառնա»,- նշեց Հարությունյանը՝ միաժամանակ հավելելով, որ ժողովրդավարությունը դժվար պրոցես է եւ միանգամից արդյունքի հասնել հնարավոր չէ։ «Հետեւաբար զեկույցը նպատակ ունի նպաստել, որպեսզի ժողովրդավարությունը զարգացման ճիշտ ուղիով ընթանա»,-ընդգծեց ՄԻՊ-ը։


























