Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ եւ ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

ՀՀ կառավարության ղեկավարը եղել է նաեւ Թբիլիսիի Հավլաբար թաղամասում՝ hայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, ծանոթացել բարեկարգման աշխատանքներին եւ հարգանքի տուրք մատուցել հայ մեծերի հիշատակին:

Պանթեոնից Հովիկ Աբրահամյանն ուղեւորվել է Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու տարածքում տեղադրված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետեւ վարչապետը շրջայց է կատարել եկեղեցուն կից գործող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթության, մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում եւ ներկա գտնվել Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի մեր հայրենակիցներին ջերմ ընդունելության համար եւ կարեւորել վիրահայ համայնքի դերը հայ-վրացական բարեկամության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ վիրահայերը երկու բարեկամ եւ հարեւան ժողովուրդներին իրար կապող հուսալի կամուրջ են եւ ամուր ու վստահելի հենարան:

Անդրադառնալով Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներին` կառավարության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման երաշխիք է:

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ Վրաստանի հայ համայնքի խնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ ՀՀ կառավարությունը անցնող տարիներին բազմաթիվ ծրագրերով աջակցել է վիրահայ համայնքին մշակութային եւ գիտակրթական միջոցառումների կազմակերպման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: ՀՀ վարչապետը կարեւորել է համախմբված եւ կազմակերպված համայնքի առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս պահպանել լեզվամշակութային արժեքները եւ Սփյուռքի նոր սերնդի մեջ արթուն պահել հայի ինքնությունը:

Ամփոփելով ելույթը՝ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են ջանքեր գործադրել վիրահայ համայնքին սատար կանգնելու համար:

Հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայարտուն» կրթության, մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանը, Դավթյան ընտանեկան տիկնիկային կենտրոնի տնօրեն Ժաննա Դավթյանը եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը պարգեւատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Սփյուռքի նախարարության կողմից «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը պարգեւատրվել է Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալով, Ներսես Շնորհալի մանկական երգչախմբի ղեկավար Մարիա Աբուլյանը՝ «Կոմիտաս» մեդալով:

Վարչապետը նաեւ շնորհավորել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ եւ նվիրատվություն կատարել «Հայարտուն» կրթության, մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի նախակրթարանին:

Այժմ Վրաստանի նախագահի նստավայրում ընթանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: