Բաքվից հնչող հայտարարությունները կրկին հաստատում են. քաղաքավարի լեզուն Բաքվի համար անհասկանալի է: Այս մասին դեկտեմբերի 12-ին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսի  հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ Բաքվի հերթական ռազմատենչ հայտարարությունները պետք է դիտարկել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ամսվա սկզբին Բազելում ՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման  վերաբերյալ լուծում գտնելու, հրադադարի համաձայնագրի եւ միջնորդների դիրքորոշման վերաբերյալ ընդունված հայտարարության եւ կոչի պատասխան, որը բացառում է հարցի լուծման ռազմական ուղին:

«Բազելում լրագրողների հետ զրույցում ես հայտարարեցի, որ  քաղաքավարի լեզուն Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում:  Այս նոր հայտարարությունները եւ շփման գոտում սրացումները վերստին հաստատում են, որ այդ լեզուն անհասկանալի է Բաքվի համար, եւ համանախագահները պետք է համապատասխան եզրահանգում կատարեն», - նշել է նախարարը: