Վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագրի նպատակը ՀՀ եւ ԱՄՆ քաղաքացիների միջեւ սերտ կապերի խթանումն է: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Մենք համաձայնության ենք եկել վիզային ռեժիմի փոխադարձ ազատականացման վերաբերյալ: Գործընթացը մեկնարկել էր անցյալ տարի՝ Վաշինգտոնում, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում», - նշել է Հեֆերնը: Դեսպանը հավելել է, որ համաձայնության նպատակն է խթանել կապերը, ճանապարհորդությունները երկու ուղղություններով, որը ձեռնտու կլինի երկու երկրներին:
Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ին կառավարության նիստում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիները ԱՄՆ-ի մուտքի արտոնագրերի ստացման պարզեցման հնարավորություն կստանան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքացիները 2015թ. հունվարից 1-ից կարող են առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելել՝ մինչեւ 180 օր ժամկետով:




























