Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սմայիլ Ալլաուային (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր մասնագիտական կարողություններն ու մեծ փորձառությունը կներդնի ի նպաստ Հայաստանի եւ Ալժիրի միջեւ հարաբերությունների ամրապնդման:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները Արաբական աշխարհի, այդ թվում՝ Ալժիրի հետ եւ պատրաստակամ է ուսումնասիրել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Նախագահի խոսքով, դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներգրավումը Արաբական պետությունների լիգայի աշխատանքներում եւս նպաստում է այդ փոխգործակցության զարգացմանը:

Սերժ Սարգսյանը եւ դեսպան Ալլաուան համակարծիք են եղել, որ հայ եւ արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Նրանք հայ-ալժիրյան փոխգործակցության ներկայիս մակարդակը բավարար չեն համարել եւ ընդգծել են, որ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդհանուր մոտեցումների շուրջ համագործակցությունը զարգացնելու եւ միմյանց օժանդակելու մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք ակտիվ աշխատանք իրականացնել: Այդպիսի ընդհանուր մոտեցումներից մեկը, Ալժիրի դեսպանի խոսքով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ մոտեցումն է: Զրուցակիցները կարեւորել են նաեւ արագ փոփոխվող աշխարհում նոր մարտահրավերներին դիմակայելու գործում համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Ալլաուային՝ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում: