Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնների պահեստարանները լցված են, հաղորդում է «ԷկուԼուրը»:
ՀԱԷԿ-ի հրապարակում` օժանդակ շինության տանիքին, 2003թ. կառուցվել է նոր ժամանակավոր պահեստարան 3000 աղային հալվածք պարունակող կոնտեյներների համար` հաշվի առնելով, որ դրանք նախատեսված են ժամանակավոր պահեստավորման համար, չեն սերտիֆիկացված եւ չեն համապատասխանում պահեստավորման համար նախատեսված թափոնների ընդունելիության չափանիշներին: Ժամանակավոր պահեստարանն այժմ ամբողջությամբ բեռնված է: Որոշ կոնտեյներներում հայտնաբերվել է արտահոսք: Այս մասին նշված է «Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) եւ միջուկային ու ռադիոակտիվ անվտանգության կենտրոնի (ՄՌԱԿ) կարողությունների զարգացում՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցների եւ գործողությունների անվտանգության վերլուծության եւ գնահատման համար» ֆինանսավորման համաձայնագրում, որի կնքմանը դեկտեմբերի 11-ին հավանություն տվեց գործադիրը: Համաձայնագիրը կնքվելու է ՀՀ կառավարության եւ Եվրոպական Միության միջեւ: Հայաստանին կտրամադրվի 1 միլիոն եվրո: Այդ գումարը պետք ծառայի հետեւյալ նպատակների համար`
• ուժեղացնել Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի եւ Միջուկային ու ռադիոակտիվ անվտանգության կենտրոնի կարողությունները` կապված ԱԷԿ-ի շահագործման ընթացքում առաջացած պինդ ռադիոակտիվ թափոնների կառավարման ու եկրարաժամկետ կառավարման անվտանգության դիտարկման, գնահատման եւ որոշումների ընդունման հետ
• բարելավել ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգությունը ՀՀ-ում եւ նպաստել ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ենթակառուցվածքի ամրապնդմանը
• ուժեղացնել ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված կարգավորման դաշտը:



























