ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հանդիպել է ՀՀ ջրային տնտեսության պետականկոմիտեի եւ ոռոգման համակարգի ընկերությունների ղեկավարների հետ`ոլորտում առկա խնդիրները քննարկելու եւ դրանց լուծման ուղիները նախանշելու նպատակով:
«Ոլորտում կարճ ժամանակում անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ, բարձրացնել ջրօգրագործող ընկերությունների գործունեության արդյունավետությունը, որպեսզի մեծանա ազգաբնակչության վստահությունն այս համակարգի նկատմամբ», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Անդրադառնալով ոլորտում առկա կարեւորագույն խնդիրներին` նախարարը նախ անհրաժեշտ է համարել խստացնել ոլորտի վերահսկելիությունը, բարձրացնել թափանցիկության աստիճանը, միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ:
«Գարնան սկզբին մենք արդեն իսկ պետք է լիովին պատրաստ լինենք ոռոգման սեզոնին, որպեսզի գյուղացին չունենա ջրօգտագործման հետ կապված խնդիրներ», – հավելել է նախարարը:
Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգ՝ նպատակ ունենալով բարձրացնել նախարարության ոռոգման ծրագրերի կառավարման արդյունավետությունը:




























