Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչսին:
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ նրա այցը նոր շունչ կհաղորդի հայ-լատվիական հարաբերություններին, հանդիպումների եւ քննարկումների արդյունքում կնախանշվեն փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային ոլորտներն ու հարաբերությունների զարգացմանն ուղղված հետագա երկկողմ քայլերը:
Հաճախակի փոխայցելությունները, արտաքին գործերի նախարարների մակարդակով իրականացվող խորհրդատվություններն ու երկխոսությունը, նախագահի համոզմամբ, միջպետական համագործակցության խորացման կարեւոր նախապայման են:
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը եւ Լատվիայի՝ որպես Եվրամիության հաջորդ նախագահող երկրի, աջակցությունը այդ համագործակցության հետագա խորացման ու զարգացման գործում: Հանրապետության նախագահը նշել է, որ Եվրամիությունը եղել է եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը, որի հետ փոխգործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ ինչպես ԵՏՄ անդամակցությունից առաջ, այնպես էլ հետո մեր երկիրը շարունակելու է զարգացնել եվրոպական օրակարգը, ձեւավորել համագործակցության դաշտը նոր իրողությունների պարագայում:
Արտգործնախարար Ռինկեւիչսը ընդգծել է, որ Լատվիան հասկանում եւ հարգանքով է վերաբերում ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը, նաեւ հասկանում է, որ դա որեւէ ձեւով չի խոչընդոտում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին:
Լատվիայի արտգործնախարարը երկկողմ կապերի ամրապնդման համար, քաղաքական ակտիվ երկխոսությունից բացի, կարեւորել է տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը, որտեղ մեծ դեր է վերապահել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը ընդգծել են նաեւ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության կարեւորությունը:




























