Հայաստանում արդեն գործում է Իտալիայից արտանողների ապահովագրությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտարարեց Հայաստանում Իտալիայի դեսպանի տեղակալ Մաուրցիո Կրոչատելին:
Մի շարք իտալացի արտահանողներ արդեն օգտվել են արտահանման պայմանագրերի ապահովագրության գործիքներով, որն առաջարկում է SACE պետական կազմակերպությունը, հավելեց նա: «Այդ գործիքները ուղղված են արտահանման վճարման երաշխավորմանը: Եթե ներմուծողը ինչ-ինչ պատճառով չի կարող վճարել գործարքը, ապա արտահանողը կստանա ապահովագրություն: Շատ կարեւոր է մեր ընկերությունների նման հնարավորություն ընձեռել. դա նրանց դարձնում է հուսալի գործընկեր, այդ թվում նաեւ՝ Հայաստանում», - նշել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ Իտալիան Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների տասնյակում է (ԵՄ երկրներից 4-րդն է): 2013թ. արդյունքներով՝ վերջինիս բաժին է ընկել Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառության 3,2%-ը: 2012թ. համեմատությամբ այն ավելացել է 6,4%-ով՝ մոտ 187,8 մլն դոլարով:




























