Մինչեւ 180 օր ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու հնարավորությունը կօգնի Եվրասիական միության շուկայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «ՄԱՊ» ընկերության (բանջարեղենային պահածոներ եւ ալկոհոլ արտադրող) գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը:
«Եթե նախկինում ԱԱՀ-ն հարկավոր էր վճարել սահմանին, ապա հիմա դա կարելի է զգալի ժամկետով հետաձգել: Այսինքն՝ կարող ես ստանալ ապրանքը, իսկ ԱԱՀ-ն վճարելու հարցում սպասել՝ գումարը թողնելով շրջանառության մեջ: Մեզ համար հենց դա կարող է դառնալ ամենամեծ օգուտներից մեկը»,- հայտարարեց Պետրոսյանը:
Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման միաձայն վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Դեկտեմբերի 4-ին ձայների գերակշռող մեծամասնությամբ պայմանագիրը հավանության արժանացավ նաեւ Հայաստանի խորհրդարանի կողմից:
Մինչեւ տարեվերջ Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը քվեարկվելու է նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում: Դրական ելքի դեպքում, Հայաստանի անդամակցությունն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից, ԵՏՄ-ի գործելու պահից:




























