Ադրբեջանական մամուլը կրկին զբաղվում է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքերը նենգափոխելով։
Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը ստի մեջ է մեղադրել։
Գործակալությունը սխալ է մեջբերել Ապաթուրայի խոսքերը, ինչի մասին վերջինս գրել է Facebook-ի իր էջում։
«Անհրաժեշտ է շտկել ԱՊԱ գործակալության հաղորդագրությունը, որը հրապարակվել է այսօր՝ այս շաբաթ ՆԱՏՕ-ի գրասենյակում իմ ճեպազրույցի թեմայով։ Հաղորդագրության վերջին պարբերությունը սխալ է։ «Մեջբերումը» չի համապատասխանում իմ ասածին»,- հայտնել է նա։
Խոսքը հետեւյալ արտահայտության մասին է. «Դաշինքը Ուելսի գագաթաժողովում պաշտոնապես հրապարակել է իր դիրքորոշումը ԼՂ խնդրի վերաբերյալ: Մենք կողմնակից ենք հակամարտության խաղաղ կարգավորման՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ կողմերի շահերին համապատասխան»:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ Դաշինքի դիրքորոշումը սառեցված հակամարտությունների վերաբերյալ արտացոլված է Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրում:
Հիշեցնենք, որ Ուելսում ընդունված ամփոփիչ հռչակագրում նշվում է, որ Դաշինքը շարունակում է աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Դրա հետ կապված, «դաշնակիցները կշարունակեն պաշտպանել գործընկերների արտաքին քաղաքականության եւ անվտանգության ինքնուրույն ու ինքնիշխան ընտրությունը՝ առանց արտաքին ճնշումների եւ հարկադրանքի: Դաշնակիցները, նախկինի պես, հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախության ու ինքնիշխանությանը»:




























