Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը միայն գրքի երեւանյան շնորհանդեսի ժամանակ է պարզել, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խախտել է պայմանագրի շատ կետեր՝ իր գիտական պարզաբանումները հանելով գրքից։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում թուրքագետը պարզաբանեց, թե իրականում ինքն ինչ է պայմանավորվել հիմնադրամի հետ։
«Գրքի թարգմանությունը ես եմ նախաձեռնել, այստեղ ոչ մի գրանտային ծրագիր չկա։ Այդ գիրքը ցույց է տալիս Թուրքիայում բավականին հետաքրքիր սոցիալական զարգացում, թե ինչպես է մտավորականը Ցեղասպանությունը ժխտողից դառնում Ցեղասպանություն բառն ընդունողը եւ կիրառողը։ Այս գրքի իրական հասցեատերը հենց հայ ընթերցողն է, հետեւաբար, պետք է լիներ այն հայերենով։ Ի սկզբանե, որոշված էր, որ գրքում լինելու էին իմ մասնագիտական պարզաբանումները, առաջաբան էր լինելու անպայման։ Մենք պատրաստ էինք նույնիսկ հոնորար առաջարկել Հասան Ջեմալին, սակայն վերջում պարզվեց, որ նա իր հեղինակային իրավունքները հանձնել է «Հրանտ Դինք» հիմնադրամին։ Այստեղ արդեն մենք պայմանավորվեցինք հիմնադրամի հետ, ես կատարեցի թարգմանությունն ու ուղարկեցի նրանց»,- ասաց Մելքոնյանը։
Թարգմանությունն անելուց հետո թուրքագետն այն ուղարկում է հիմնադրամին եւ որոշվում է, որ նպատակահարմար չէ առաջաբանը։
«Պայմանագրում կա հատուկ կետ, որ տեքստում ցանկացած փոփոխության դեպքում թարգմանիչը տեղյակ պետք է լինի, սակայն ես փոփոխությունների մասին իմանում եմ միայն շնորհանդեսի ժամանակ։ Իմ շատ մասնագիտական պարզաբանումներ պարզապես հանված են գրքից»,- նշեց նա։
Ինչ վերաբերվում է դեկտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած սկանդալին, ապա Ռուբեն Մելքոնյանը պարզաբանեց, թե ինչու այդ օրը բարկացավ եւ դահլիճից դուրս եկավ. «Մենք «Մոսկվա» կինոթատրոնում պետք է հարցեր տայինք, եւ այդ օրը հայ հասարակությունը տեսնելու էր Թուրքիայի կողմից գովազդվող Հասան Ջեմալի իրական դեմքը։ Օրինակ՝ հարցրինք՝ «ներողություն եւ...» եւ այստեղ արդեն Ջեմալն ասում է, որ ինքը պետություն չէ, իրավաբան չէ եւ չի կարող կարծիք հայտնել։ Այդ օրը մեզ թույլ չտվեցին այլ հարցեր տալ, միայն մեկ օր անց Երեւանի պետական համալսարանում ուսանողներն այնպիսի հարցեր տվեցին, որ նրա դեմքը բացահայտվեց։ Պարզ է դառնում, որ Հասան Ջեմալն ընդամենը թուրքական պալատական մտավորական է, ուրիշ ոչինչ»։
Ռուբեն Մելքոնյանն իր իրավունքների խախտման մասին խոսել է նաեւ Հրանտ Դինքի եղբայր Երվանդ Դինքի հետ, որը հայտարարել է, թե հիմնադրամը սխալվել է եւ պետք է թարգմանչի բոլոր տողատակերը հաներ։
«Ըստ Դինքի՝ իրավունք չկա խառնվելու տեքստին, սակայն աշխարհում կա «գիտական թարգմանություն» եզր»,- ավելացրեց նա։




























