Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի մրցաշարում, որը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Չորրորդ տուրում Արոնյանը, խաղալով սպիտակ ֆիգուրներով, ջախջախեց ԱՄՆ ներկայացուցիչ Գատա Կամսկուն՝ վերջինիս որեւէ հնարավորություն չտալով եւ ստիպելով հանձնվել 41-րդ քայլին: Սա 26-ամյա Արոնյանին, որը 4 հնարավորից հավաքել է 3 միավոր, հնարավորություն տվեց պահպանել իր դիրքերը մրցաշարային աղյուսակում: Արոնյանի հետ առաջատարների խմբում ընթացող Հունգարիայի ներկայացուցիչ Պետեր Լեկոն նույնպես արագ ավարտեց մրցախաղը՝ հաղթելով ուկրաինացի Սերգեյ Կարյակինին: Հունգարացին իր ակտիվում ունի 3 միավոր: Արոնյանի եւ Լեկոյի հետ դեռեւս կարող է հավասարվել բուլղարացի Չեպարինովը, որն այս պահին խաղում է Ռուսաստանի ներկայացուցիչ Էռնեստո Ինարկիեւի հետ: Տուրի բոլոր մյուս հանդիպումները, այդ թվում՝ Վլադիմիր Հակոբյան-Ռուստամ Կասիմջանով հանդիպումը, շարունակվում են: