Վրաստանի կառավարությունը չեղյալ է հայտարարել ճնշման ներքո Քաղավիացիայի գործակալության ընդունած որոշումը, եւ վերականգնել է դեպի Մոսկվա չվերթների նախկին հաճախականությունը: Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի տեղեկացմամբ, 10-ի փոխարեն շաբաթական 14 չվերթ կիրականացվի:
Georgian Airways-ը դեկտեմբերի 10-ին գործադուլ էր հայտարարել՝ դժգոհելով ռուսական ավիաընկերությունների կողմից աճող մրցակցությունից: Ավիափոխադրողի ղեկավարությունը երկրի Քաղավիացիայի վարչության հետ պայմանավորվել է Ռուսաստանի ուղղությամբ չվերթների քանակության շուրջ. 10 չվերթ իրականացնելու է վրացական կողմը, 10-ը՝ ռուսական:
«Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ, ավելի վաղ ռուսական ավիափոխադրողներին թույլատրված էր շաբաթական, ընդհանուր առմամբ, 14 չվերթ իրականացնել, իսկ Georgian Airways-ին՝ 7-ը:
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային կանոնավոր հաղորդակցությունը վերացվել էր 2006 թվականին, երկու երկրների հարաբերությունների սրումից հետո, այնուհետեւ որոշ ժամանակ վերականգնվել 2008 թվականին, ինչից հետո կրկին դադարեցվել էր Հարավային Օսիայում զինված հակամարտության եւ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման արդյունքում:
Օդային կանոնավոր հաղորդակցությունը վերականգնվեց այս տարվա սեպտեմբերին, եւ արդեն սեպտեմբերի 26-ին «Աէրոֆլոտ»-ը Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթն իրականացրեց:




























