Նորվեգական գրադարանում գտել են Ուոլտ Դիսնեյի մուլտֆիլմը, որը նախկինում անհետ կորած էր համարվում: Empty Socks (Դատարկ գուլպաներ) կարճամետրաժ մուլտֆիլմը Ծննդյան տոնին նվիրված առաջին ժապավենն է, որը թողարկել է Disney ընկերությունը: Գլխավոր հերոսը «Օսվալդ, երջանիկ ճագար» անունով կերպարն է, որը ստեղծվել է նախքան Միկի Մաուսը:
Ժապավենը հայտնաբերվել է Նորվեգիայի հյուսիսային Մու-ի-Ռան քաղաքի գրադարաններից մեկում, գրադարանային ֆոնդի թվայնացման եւ գույքագրման ժամանակ:
«Սկզբում մենք չգիտեինք, որ դա կորած կինեմատոգրաֆիական գանձ է: Ժապավենի տուփի վրա հստակ նշում չկար»,- գրադարանի արխիվի պատասխանատուի խոսքերն է մեջբերում Ռոսբալտ գործակալությունը:
Ըստ Lenta.ru-ի, ամենայն հավանականությամբ, ժապավենը պատկանել է մասնավոր անձի, իսկ հետո փոխանցվել է Կինոյի նորվեգական ինստիտուտին ու հայտնվել գրադարանի արխիվում: Մասնագետները հավելում են, որ մուլտֆիլմի տեւողությունը 5.5 րոպե է, բայց ձայնագրության մի մասը ջնջվել է:
Մինչեւ հիմա Empty Socks-ից միակ հատվածը պահպանվում է Նյու Յորքում: Դրա տեւողությունը 25 վայրկյան է: Որոշվել է գտածոյի թվայնացված պատճենը փոխանցել Disney ընկերությանը, իսկ օրիգինալը կմնա նորվեգական գրադարանում:




























