Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերն անհեռանկար են, եւ հարաբերությունները կարող են զարգանալ միայն իրավահավասար հիմունքներով, հայտարարել է   ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի  հետ հանդիպման ժամանակ: Հռոմում երկու արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունը տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ-ի Facebook-յան  պաշտոնական էջում:
«Ուկրաինայի հարավ-արեւելքի իրավիճակի համատեքստում շեշտվել է Մինսկի պայմանավորվածությունների հետեւողական կատարման անհրաժեշտությունը եւ այդ նպատակով կոնտակտային խմբի հանդիպման շուտափույթ գումարում: Երկկողմ հարաբերությունների քննակման ժամանակ Լավրովն ընդգծել է, որ դրանց զարգացումը հնարավոր է միայն իրավահավասար  եւ շահերը փոխադարձ հաշվի առնելու հիմունքներով, իսկ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերն անհեռանկար են», - ասվում է հաղորդագրությունում:
Լավրովն ու Քերին քննարկել են նաեւ միջազգային այլ խնդիրներ: Կարծիքներ են փոխանակվել  արդիական միջազգային խնդիրների վերաբերյալ՝ ներառյալ պաղեստինա-իսրայելյան խաղաղ գործընթացին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը, Սիրիայի հիմնախնդրի կարգավորումը եւ համընդհանուր համաձայնագրի մշակումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  
Այս տարվա ընթաքում Լավրով-Քերրի 17-րդ հանդիպումը տեղի է ունեցել Իտալիայում ամերիկյան դեսպանի նստավայրում եւ տեւել է երեք ժամ: