Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է իր դեմ հերթական մահափորձի պլանների մասին: Փորձն իբր պետք է տեղի ունենար Էկվադոր՝ Հարավամերիկյան ազգերի միության (UNASUR) գագաթաժողովին իր վերջերս կատարած այցի ժամանակ:
«UNASUR-ի գագաթաժողովում մենք տեղեկություն ստացանք այն մարդու անվան եւ ազգանվան, բանկային հաշիվների մասին, եւ թե որքան են վճարել վարձու մարդասպանին՝ նրան ուղարկելով Կենտրոնական Ամերիկայից՝ Էկվադորում ինձ սպանելու նպատակով», — Մադուրոյի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Մադուրոյի՝ ենթադրյալ մարդասպանը կարողացել է Էկվադոր ներթափանցել նկարագրված իրադարձություններից մեկ օր առաջ, իսկ այժմ նրան փնտրում են արդեն նաեւ Վենեսուելայում՝ Էկվադորի իշխանությունների տրամադրած տեղեկության շնորհիվ:
Սա Մադուրոյի դեմ առաջին մահափորձը չէ, որի մասին հայտնում են Վենեսուելայի իշխանությունները: Մայիսի վերջին հաղորդագրություն էր ստացվել, որ ընդդիմությունն ԱՄՆ-ի աջակցությամբ նախագահի ոչնչացման ծրագիր է մշակում: Դավադրության գլխավոր անդամներից էին նշվել երկրի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոն եւ մեկ այլ ընդդիմադիր Դիեգո Արիան: Գարնանը Մադուրոն հայտարարել էր նաեւ երկրի ռազմաօդային ուժերի երեք գեներալի ձերբակալության մասին՝ ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով:




























