Ռուսաստանին «զզվեցրել է» ուկրաինական տնտեսությունը պահելը, «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակված «Ռուսաստան եւ Ուկրաինա. կյանք՝ նոր կանոններով» հոդվածում գրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Հարաբերությունները կառուցելով նոր պայմաններում՝ մենք մի կողմ կթողնենք էմոցիաներն ու «հարազատական զգացմունքները»: Եվ այլեւս չենք պահի Ուկրաինայի տնտեսությունը, մեզ դա ձեռնտու չէ, անկեղծ ասած՝ զզվեցրել էլ է»,- գրել է Մեդվեդեւը:

Վարչապետը նշել է, որ հարաբերությունների ճգնաժամը կարող է կործանարար լինել երկրների համար, բայց որպես հարեւաններ իրենք այսպես թե այնպես կհամագործակցեն: «Ուղղակի հիմա այդ համագործակցությունը կլինի բացառապես, այսպես կոչված, «հրեական ոճի»՝ ռացիոնալ եւ պրագմատիկ»,- ընդգծել է վարչապետը:

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան իզուր է պայծառ ապագայի հույսեր կապում եվրաասոցացման հետ:

«ԵՄ-ն չի շտապում Ուկրաինային հրավիրել եվրոպական գերտերությունների սեղանի շուրջ՝ որպես իրավահավասար գործընկեր: Նույնիսկ կից աթոռակ չի դնոմ, այլ նպատակասլաց նրան պահում է՝ որպես «աղքատ Լիզա» . հանդիպումներ, որոնք երբեք հարսանիքով չեն ավարտվի:  Բավական է նայել Թուրքիային. այն ասոցացման պայմանագիր է ստորագրել 51 տարի առաջ եւ մինչ այժմ ԵՄ-ի անդամ չէ:  Սա նույնիսկ կատակների թեմա է դարձել: Ժամանակին Վիկտոր Չերնոմերդինը այն հարցին, թե վերջապես երբ Ուկրաինան ԵՄ անդամ կդառնա, պատասխանել է՝ Թուրքիայից հետո:  «Իսկ ե՞րբ Թուրքիան կդառնա:  – Երբեք»,- նշում է Դ. Մեդվեդեւը:

«Տնտեսական համագործակցության տեսակետից ԵՄ վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ ավելի շատ նոր գաղութարարության է նման: Եվրոպական «արդար» մրցակցության անվան տակ՝  առաջ են մղվել եվրոպական եւ նրանց հետ սերտորեն կապված ուկրաինական ընկերությունների միակողմանի առավելությունները», – ասվում է հոդվածում:

Միեւնույն ժամանակ Մեդվեդեւը Ուկրաինայի համար կանխատեսոմ է  տնտեսական բարդ ճգնաժամ՝  «երկրորդ 90-ականներ»: ՌԴ վարչապետն ընդգծել է, որ  «ցավոք,  դեֆոլտի խնդիրը, ավելի լայն՝ Ուկրաինայի տեւական սոցիալ-տնտեսական ճգնաժամը, «Կրեմլի» կամ այլ քաղաքական տեխնոլոգիաների  հեքիաթները չեն»:

Նա նշել է, որ «անցնող տարին Ուկրաինայի պատմության մեջ կմնա որպես  ամենածանրը եւ ողբերգականը»: Որպես իր գնահատականի հիմնավորում՝ Մեդվեդեւը  օրինակ է բերել Ուկրաինայի ղեկավարության գործողությունները,  այդ թվում նաեւ՝ ռազմական, որոնք  «երկիրը հասցրել են այն տնտեսական անդունդի եզրին, որի առաջ նա կանգնած է այժմ»: