2002թ.-ից մինչեւ 2014թ. սեպտեմբեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ 2000-ից ավելի բողոք է ստացել: Այս մասին դեկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի գոյության 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի դերին՝ նա նշել է, որ դասական իմաստով նա պետության փաստաբանն է, բայց ավելի լայն լիազորություններ ունի, քան հասարակ փաստաբանը: Ըստ Գեւորգ Կոստանյանի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը պետք է նպաստի երկրում եվրոպական  չափորոշիչների ներդրմանը: «Ըստ  ՄԻԵԴ-ի տվյալների՝ 2002 թ.-ից մինչեւ 2014 թ. սեպտեմբեր ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացվել է ավելի քան  2000 բողոք: 2014 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի  վերաբերյալ ընդունվել է 49 որոշում», - նշել է Գեւորգ Կոստանյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի մասնակցությամբ ՄԻԵԴ-ի ընդունած որոշումներով 2014 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ շուրջ 15 մլն 260 հազար եվրոյի  փոխհատուցման պահանջ է ներկայացվել, որոնցից բավարարվել է շուրջ 574 հազար եվրոյի պահանջը, այսինքն՝  ընդհանուր պահանջների  3,8%-ը: «Գումարն ամբողջությամբ փոխհատուցվել է: Բավարարված գումարի 146 հազար եվրոն, այսինքն՝  26%-ը, վճարվել է պետական բյուջեի հաշվին», - ընդգծել է Գեւորգ Կոստանյանը: