Հայաստանի իշխանություններն ուզում են երկիրը մտցնել Եվրասիական միություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշել է, որ եթե այլ երկրներ՝ Բելառուսն ու Ղազախստանը, ձգտում են իրենց երկրների համար հնարավորինս բարենպաստ պայմաններ քաղել, ապա Հայաստանը տնային աշխատանքը կատարող դպրոցականի պես արդեն հայտարարել է, որ պատրաստ է մտնել ԵՏՄ:

«Եկեք սպասենք եւ տեսնենք՝ ինչ օգուտներ կստանան մեր բելառուս եւ ղազախ բարեկամները, իսկ հետո կտեսնենք, թե ինչն է մեզ համար ավելի շահավետ: Ո՞ւր ենք շտապում: Ավելի լավ չէր ոչ թե այստեղ լինեիք, այլ ԵՏՄ երկրների մայրաքաղաքներում, որտեղ կպաշտպանեիք մեր հանրապետության շահերը»,-հայտարարել է Արզումանյանը:
Ի պատասխան ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ Հայաստանը երկար ժամանակ բանակցություններ է վարել ապագա ԵՏՄ անդամ երկրների հետ, որոնց ընթացքում քննարկել է եւ անդամակցության բավական բարենպաստ պայմաններ է ստացել: Նրանք բազմիցս թվարկվել են եւ բավական մանրամասն ներկայացվել, ասել է Միրումյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Դեկտեմբերի 10-ին այդ փաստաթուղթը վավերացրել է նաեւ Ռուսաստանի պետական դուման, իսկ այսօր հարցը ներառված է Ղազախստանի խորհրդարանի օրակարգում: