Հայաստանի ուսումնական հաստատությունների մի մասը սկսել է կիրառել էլեկտրոնային գրատախտակներ: Դրանք Հայաստան են ներկրվում «Ֆիրմա Ալֆա» ընկերության կողմից, որը հանդիսանում է SMART Technologies ընկերության միակ պաշտոնական դիստրիբյուտորը Անդրկովկասում: Ի դեպ` SMART Technologies կանադական ընկերությունը դեռեւս 1991 թվականին արտադրել է առաջին ինտերակտիվ գրատախտակը։ Գործնականում այդ ընկերությունն ունի մենաշնորհ. զբաղեցնում է համաշխարհային շուկայի 62 տոկոսը:
Էլեկտրոնային գրատախտակը թույլ է տալիս դասաժամի ընթացքում օպերատիվ միանալ ինտերնետին եւ տվյալ թեմայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն որոնել: Այն ավելի արդյունավետ է դարձնում ուսուցումը, քանի որ աշակերտը կամ ուսանողը տեղեկատվությունը ստանում է ե՛ւ տեսողական, ե՛ւ լսողական օրգանների միջոցով, ինչը մի քանի անգամ ավելացնում է տեղեկատվությունը յուրացնելու եւ մտապահելու հավանականությունը:
Հայաստանում առաջին էլեկտրոնային գրատախտակները հայտնվել են 2007 թ.: «Ֆիրմա Ալֆա» ընկերությունը SMART Technologies ընկերության հետ համատեղ իրականացրեց Առաջին Սմարթ (SMART First) ծրագիրը, որը հնարավորություն էր տալիս պետական բուհերին եւ դպրոցներին ձեռք բերել գրատախտակ 50 տոկոս զեղչ գնով կամ երկու գրատախտակ մեկի գնով: Այս նախագծերի շնորհիվ Հայաստանի պետական առաջատար բուհերի գերակշռող մասը զինվել են ինտերակտիվ լսարաններով: 17 բուհերում կահավորվել է մոտ 60 ինտերակտիվ լսարան, որոնցից 38-ը SMART First ծրագրի շրջանակներում:
Այժմ էլեկտրոնային գրատախտակն արժե մոտ 2000 դոլար, իսկ հաշվի առնելով կրթական հաստատություններին տրվող զեղչերը` 1800 դոլար: Առայժմ պետական բյուջեն նման գրատախտակների ձեռքբերումը չի ֆինանսավորում` ուսումնական հաստատությունները գնումներ կատարում են սեփական միջոցների կամ նվիրատվությունների հաշվին:
Ներկա պահին Հայաստանում 21 բուհ, 25 դպրոց եւ 13 քոլեջ ունեն էլեկտրոնային գրատախտակ: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Ֆիրմա Ալֆա» ընկերության տեխնիկական տնօրեն Էդուարդ Սաղաթելյանը:
Ամենաշատ գրատախտակ ձեռք է բերել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` 18 հատ: Համեմատության համար` բուհերից ամենամեծ գնորդը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը ձեռք է բերել 8 հատ:
Ըստ Է. Սաղաթելյանի տրամադրած տեղեկատվության` Մեծ Բրիտանիայում առկա 626 հազ. դասասենյակների 72 տոկոսը զինված են ինտերակտիվ գրատախտակներով: Դանիայում, Նորվեգիայում, Նիդեռլանդներում եւ Արաբական Էմիրություններում այդ թիվը կազմում է 20 տոկոսից ավելին, իսկ Եվրամիության մյուս 12 երկրներում` դասասենյակների 5-20 տոկոսը:
Գերմանիայի կառավարությունը այս տարի հատկացրել է 10,6 միլիարդ եվրո՝ դասասենյակների վերազինման համար: Կրթության ոլորտում ակտիվ ներդրումներ են կատարում նաեւ Պորտուգալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Մալթան եւ այլն: Նույնիսկ Մեքսիկան, լինելով զարգացող երկիր եւ ունենալով բազմաթիվ սոցիալական խնդիրներ, ինտերակտիվ գրատախտակներով է զինել 200.000 դասասենյակ` 1.8 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:


























