Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը, որի վերաբերյալ Թուրքիան ունի միանշանակ եւ շատ կոշտ դիրքորոշում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին՝ կարող է Ռուսաստանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման միջնորդ հանդիսանալ, հաշվի առնելով վերջերս Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, քաղաքագետն ընդգծել է. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում միջնորդի ակտիվ դեր կստանձնի: Բայց ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները բավական աշխույժ են զարգանում: Մենք նաեւ պետք է գիտակցենք, որ մեզ այնքան էլ ձեռնտու չէ այդքան ուժեղ Թուրքիան եւ էլ ավելի ձեռնտու չէ թուլացած Ռուսաստանը»:
Ներկայիս տնտեսական վիճակը, ըստ Հարությունյանի, Ռուսաստանին թելադրում է նման քայլեր միջուկային էներգետիկայի ոլորտում: «Չեմ կարծում, թե ռուսական կողմն այդքան հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու միջնորդությամբ: Այդ հարաբերությունները, կարծում եմ, չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը, որի վերաբերյալ Թուրքիան ունի միանշանակ եւ շատ կոշտ դիրքորոշում», - ամփոփեց քաղաքագետը:
Հիշեցնենք, դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել էր Թուրքիա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ավարտին Պուտինը հայտարարել էր «Հարավային հոսքից» հրաժարվելու մասին: Նաեւ Թուրքիայում գազատրանսպորտային նոր համակարգ կառուցելու մտադրություն էր հայտնել՝ Հունաստանի հետ սահմանին գազային հանգույց ստեղծելով:
Ըստ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի՝ «Գազպրոմը» սեւծովյան գազատարը Բուլղարիայից կտեղափոխի Թուրքիա:


























